«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման`
1) վերնագրից հանել «, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու» բառերը,
2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսավորումն իրականացնել հետևյալ բանաձևերով.
1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,
Սգ1 - ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,
ՈՒՆա–ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:

1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,
որտեղ՝
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,
Սգ2 - ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը:»:
3) 2-րդ կետում՝
ա. «ֆինանսների» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ» և «սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերը, ինչպես նաև «ավագ մակարդակներում» բառերից հետո ավելացնել «լրիվ համալրված դպրոցների մասով» բառերը:
4) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: