Նոյեմբերի 1-ից կմեկնարկի Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է 14-րդ անգամ:

Այս տարի փառատոնին մասնակցում են Ղազախստանի Ալմա Աթայի ազգային թատրոնը` «Արքա Լիրի ողբերգությունը» ներկայացումով, Իտալիայի I’m Perfect թատերական ընկերությունը` «Համլետ» պլաստիկ ներկայացումով, Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկ թատրոնը՝ «Չափն ընդդեմ Չափի» ներկայացումով, Իրանի AAN թատերական ընկերությունը «Մակբեթ» ներկայացումով, Ղազախստանի Տ. Ախտանովի անվան դրամատիկական թատրոնը՝ «Համլետ» ներկայացումով, Theater Academy in Warsaw (Լեհաստան)՝ «Շեքսպիրյան ոգիներ» ներկայացումով, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու թատերական փառատոների ղեկավարներ, հայտնի թատերական գործիչներ և այլք: Փառատոնի ընթացքում մեկ հարկի տակ կցուցադրվեն բազմաժանր և նորարարական թատերական մոտեցումներով ներկայացումներ` շեքսպիրյան թեմայով:

Այս տարի անցկացվող FestOut ծրագրի շրջանակում իրենց մասնակցությունն են ունենալու ուսանողական և անկախ թատերախմբերը, այդ թվում՝ «Օթելլո» (ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան), «Շեքսպիրյան մոզաիկա» (ռեժիսոր՝ Հրաչյա Ղազարյան), «Շեքսպիրյան Տրիլոգիա» (ռեժիսոր՝ Մարիամ Հարությունյան): FestOut ծրագրով տեղի է ունենալու մրցույթ, որի հաղթողը հրավեր կստանա Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off փառատոնին մասնակցելու համար:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրներն են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և լեհ աշխարհահռչակ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին: