Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, նոյեմբերի 1-ին` ժամը 14:30-ին, «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում (հասցե` Ոսկերիչների 1) տեղի կունենա «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Ցուցահանդեսը մրցույթի առաջին՝ ընտրական փուլի արդյունքների ամփոփումն ու երկրորդ փուլի սկիզբն է, որին կարող էին մասնակցել 16-18 տարեկան պատանիներ` Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Երկրորդ փուլում արդեն ցուցադրված աշխատանքներից կընտրվեն հաղթողները:
Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է 2000-ից ավելի աշխատանք, որից ընտրվել է մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 երկրից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացված աշխատանքներում ընդգրկված են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:
Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը: