Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունենալու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ-ներկայացուցիչ):

Հոկտեմբերի 25-ին մեկնարկած եզրափակիչ փուլում թիմերը պայքարել են 6 մրցաձևում՝ ձգումներ պտտաձողի վրա, վազք 1000 մետր, նռնակի նետում, ինքնաձիգի քանդում-հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, փոխանցումավազք (4x50 մետր)։

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են սեպտեմբերին՝ ներդպրոցական փուլով, որից հետո տեղի են ունեցել երկրորդ՝ տարածաշրջանային և երրորդ՝ մարզային փուլերը: