Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բելառուսի Գոմել քաղաքում կայանալու է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախաձեռնությամբ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանը կներկայացնի լսողության խնդիր ունեցող 5 մարզիկ։
Մեդալների համար կպայքարեն Սարգիս Սարգսյանը (հունահռոմեական ոճ ըմբշամարտում կմասնակցի 55 կգ քաշային կարգում, իսկ ազատ ոճում՝ 61 կգ), Սենիկ Սերոբյանը (հունահռոմեական ոճ` 60 կգ, ազատ ոճ` 57 կգ), Ժորա Գրիգորյանը (հունահռոմեական ոճ՝ 67 կգ, ազատ ոճ՝ 70 կգ), Արգիշտի Բաբայանը (հունահռոմեական ոճ՝ 72 կգ, ազատ ոճ՝ 74 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (հունահռոմեական ոճ՝ 87 կգ, ազատ ոճ՝ 86 կգ): Ըմբիշների հետ մրցավայր են մեկնելու մարզիչներ Մարտին Ալիխանյանը, Ժիրայր Հովհաննիսյանը և ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Գագիկ Սերոբյանը:
Այս օրերին լսողության խանգարում ունեցող ըմբիշներն Օլիմպավանում համատեղ հավաք են անցկացնում ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, որն էլ պատրաստվում է Բուդապեշտում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հկ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանը հոկտեմբերի 25-ին այցելել են Օլիմպավանում մարզումների վերջին օրը ստուգողական գոտեմարտ անցկացնող ըմբիշներին և կարևոր ստուգատեսից առաջ հաջողություն մաղթել:
Մարզիչ Մարտին Ալիխանյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությանը սկսել են նախապատրաստվել դեռևս սեպտեմբերից:
«Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցենք այս առաջնությունում, այն կարևոր է Սուրդլիմպիկ խաղերին պատրաստվելու տեսանկյունից: Մեր գլխավոր նպատակը Սուրդլիմպիկ խաղերի չեմպիոնն ունենալն է: Կարևորն առաջնությունից առաջ վնասվածքներ, խնդիրներ չկան, տղաները մարտական են տրամադրված»,-եզրափակել է Մ. Ալիխանյանը: