ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցած 12 թանգարանների ու գրադարանների ներկայացուցիչները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը նրանց հանձնել է շնորհակալագրեր՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում անցկացրած նշանակալի միջոցառումների, ինչպես նաև մշակութային ժառանգության հանրահռչակման ոլորտում ունեցած ավանդի համար: Ս. Մուրադյանը հույս է հայտնել, որ մասնակցության և համագործակցության շրջանակները հետզհետե կընդլայնվեն և ավելի արդյունավետ կլինեն, մանավանդ, որ գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանի հեղինակությունն ու վարկանիշը աշխարհում գնալով ավելի է բարձրանում։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել համագործակցության և իրենց կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար: Հանդիպմանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգող Հարություն Վանյանը ներկայացրել է նաև հոկտեմբերի 16-18-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդին ներկայացված Հայաստանում անցկացված Եվրոպական ժառանգության օրերի արդյունքներն ամփոփող տեսանյութը։