Հայ ծանրորդները հաջողությամբ են հանդես գալիս Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Տղամարդկանց մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել են Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանը, գրանցելով 151 կգ արդյունք, փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 150 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մարգարյանը գրանցել է 184 կգ արդյունքը և երկամարտի 335 կգ-ով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Ռաֆիկ Հարությունյանն այս վարժությունում իրեն է ենթարկել 190 կգ ծանրաձողը. նա նվաճել է փոքր արծաթե մեդալ և երկամարտի 340 կգ արդյունքով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Կանանց մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը, որն առանց թերացումների կատարել է 6 մոտեցումները։ Գյուրջյանը լավագույնն արդյունքն է գրանցել և՛ պոկում վարժությունում (95 կգ), և՛ հրումում (120 կգ) ու երկամարտի 215 կգ արդյունքով դարձել է չեմպիոն։

89 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Կարեն Ավագյանը և Արա Աղանյանը, դարձել են ոսկե և արծաթե մեդալակիրներ։ Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը գրանցել է 170 կգ արդյունքը և փոքր ոսկե մեդալ նվաճել, իսկ Արա Աղանյանը 162 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Ավագյանը 194 կգ-ով փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ երկամարտի 364 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հրում վարժության ոսկե մեդալը 196 կգ արդյունքով նվաճել է Արա Աղանյանը, որը երկամարտի 358 կգ-ով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։