Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությամբ՝ Հայաստանի գրողների միությունը՝ հոկտեմբերի 11-15-ը իրականացրել է «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը:

Փառատոնին մասնակցել են գրողներ ու թարգմանիչներ տարբեր երկրներից. Վահիդ Նադեր (Գերմանիա), Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ (Իրան), Կալինա Իզաբելա Զիոլա (Լեհաստան), Ալան Ուայթհորն (Կանադա), Նինա Գաբրիելյան (Ռուսաստան), Բաղաթեր Արաբուլի, Մաղվալա Գոնաշվիլի, Մանանա Գոգիաշվիլի (Վրաստան) և Օլեքսանդր Բոժկո (Ուկրաինա): Փառատոնին մասնակցել են նաև գրողներ ու թարգմանիչներ՝ Հայաստանից ու Արցախից:

ՀԳՄ մեծ դահլիճում Թարգմանչաց տոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, Կանադայի արքայական ռազմական քոլեջի պատվավոր պրոֆեսոր Ալան Ուայթհորնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Կալինա Իզաբելա Զիոլան, Ղավամեդդին Ռազավիզադեն, Օլեքսանդր Բոժկոն, Նինա Գաբրիելյանը, Վահիդ Նադերը, Գագիկ Դավթյանը:

Էդվարդ Միլիտոնյանը Ալան Ուայթհորնին է հանձնել ՀԳՄ պատվավոր անդամի տոմս և «Նարեկացի» հուշամեդալ: Լեհաստանի գրողների միության Բիդգոշչ-Տորունյան բաժանմունքի մրցանակը՝ բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի և լեհ գրողների հետ համագործակցության համար հանձնվել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանին: Նույն օրը ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում կազմակերպվել է թարգմանական գրականության ցուցահանդես, որտեղ իրենց հրատարակած գրքերն են ներկայացրել տարբեր հրատարակչություններ:

Թարգմանչաց տոնը շարունակվել է Օշականում: Հայ և օտարերկրացի գրողներն ու թարգմանիչները այցելել են Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու դպրատանը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակի հանձնման արարողությունը: Այն շնորհվել է Նինա Գաբրիելյանին (հայերենից ռուսերեն թարգմանության համար), Կալինա Իզաբելա Զիոլային (թարգմանական վաստակի համար), Մաղվալա Գոնաշվիլուն (թարգմանական վաստակի համար), Օլեքսանդր Բոժկոյին (հայերենից ուկրաիներեն թարգմանության համար), Թադևոս Խաչատրյանին (ռուսերենից հայերեն թարգմանության համար), Գրիգոր Ջանիկյանին (ֆրանսերենից հայերեն թարգմանության համար), Ջուլիետ Ղազարյանին (ռուսերենից հայերեն): Բաղաթեր Արաբուլուն (Վրաստան) և Ղավամեդդին Ռազավիզադեին (Իրան) հանձնվել է ՀԳՄ պատվավոր անդամի տոմս և «Նարեկացի» հուշամեդալ: Նարեկացու անվան հուշամեդալով պարգևատրվել են նաև Վարանդը (Իրան), Մանանա Գոգիաշվիլին (Վրաստան), Վահիդ Նադերը (Գերմանիա), Ալբերտ Նալբանդյանը (Հայաստան):

Թարգմանչաց տոնի մասնակիցները այցելել են Գյումրի և հանդիպել Շիրակի մարզի գրողների ու ընթերցողների հետ: Հաջորդ օրը՝ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում վրաց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու հետ:

Թարգմանչաց տոնի ընթացքում մասնակիցները ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը ծանոթացել են հայ գրողների ու թարգմանիչների հետ, քննարկել թարգմանական հարցեր ու հետագա ծրագրեր: