Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Կրթություն և գործունեություն» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները` կրթության և մշակույթի ոլորտում մի շարք խնդիրների, մասնավորապես դասավանդման և մանկավարժների վերապատրաստման արդյունավետության վերաբերյալ:

Հիմնադրամը ստեղծվել է Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցների կողմից: ԿԱԻ-ի լուծարումից հետո նրանք որոշել են կրթության համակարգում իրենց փորձն ու գիտելիքները մատուցել նոր ձևաչափով: Դիմել են նախարարին` առաջիկա 3 տարվա գործունեության ռազմավարության հիմնական ուղղությունների ամբողջական փաթեթով` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունը մտադիր է ապակենտրոնացնել մի շարք գործառույթներ և բաց է համագործակցության համար. «Նախարարությունը վերապատրաստումներով և հետազոտություններով չի զբաղվելու, մենք այդ գործառույթը դրամաշնորհային ծրագրերի միջոցով պատվիրակելու ենք տարբեր կազմակերպությունների: Ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ հետազոտական և մասնագիտական վերապարտրաստումների աշխատանքներն ավելի արդյունավետ են իրականացնում ոչ պետական կազմակեպությունները»,- նշել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ «Կրթություն և գործունեություն» կրթամշակութային հիմնադրամը ևս կարող է մասնակցել նախարարության դրամաշնորհների մրցույթներին: Ըստ նախարարի` ԿԱԻ մասնագիտական ներուժը կարող է շատ օգտակար լինել կրթության ոլորտի հասարակական և փորձագիտական բարձրակարգ հանրույթի ձևավորման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր` դպրոցների տնօրենների և ուսուցիչների ընտրության, մասնագիտական ներուժի գնահատման մոդելների և համակարգերի վերաբերյալ: