Հոկտեմբերի 23-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններին, մինչև տարեվերջ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին, մշակութային կրթության ռազմավարության առանձնահատկություններին, դրամաշնորհների տրամադրման նոր կարգի մշակմանն ու մայրաքաղաք-համայնքներ միասնական մշակութային դաշտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Ողջունելով լրագրողներին, Ա. Խզմալյանը նշել է, որ սա իր առաջին մամուլի ասուլիսն է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում և հավելել, որ լրագրողներին կներկայացնի նախադեպը չունեցող նոր նախագծերը, որոնք մեծ հեռանակարներ ունեն ոլորտի կարգավորման առումով:

Դրամաշնորհների տրամադրման նոր կարգի մասին

«Ինչպե՞ս անել, որ դրամաշնորհների տրամադրման՝ մրցութային պայմաններում պետությունը, այնուամենայնիվ, կարողանա իրականացնել իր քաղաքականությունը»,- Ա. Խզմալյանն իր իսկ հարցադրմանը պատասխանել է, որ խնդիրների լուծման համար ընտրվել են հստակ ուղիներ: «Անհրաժեշտ է այնպիսի պայմաններ դնել դրամաշնորհների տրամադրման կարգի մեջ, որոնք ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար, քանի որ մինչ այժմ գործող դրամաշնորհային պայմանների արդյունքում հաճախ դիմում են պատահական կազմակերպություններ, ոչ հեռանկարային նախագծեր, ինչպես նաև այնպիսի ծրագրեր, որոնց ազդեցությունը հանրային կյանքի բարելավման առումով տևական չեն: Ես համոզված եմ՝ ճիշտ մշակութային քաղաքականության և բյուջետավորման պայմաններում մենք կարող ենք եղած սուղ ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել, քան օգտագործել ենք առ այսօր: Անհրաժեշտ է բեռնաթափել մշակույթի սիրողական-սոցիալական գործառույթը և արժեք ներկայացնող արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհրապարակվեն դրամաշնորհների տրամադրման նոր պայմանները:

Ա. Խզմալյանի պնդմամբ՝ խոսել մշակույթի մասին և շրջանցել կրթությունը հնարավոր չէ, ինչպես նաև հակառակը: «Դրամաշնորհային պայմաններում մենք առաջնահերթություն ենք տալու բոլոր այն նախագծերին, որտեղ շատ հստակ է կրթական բաղադրիչը: Դա արդեն որոշակի չափանիշ է՝ լուրջ մոտենալու այդ հայտին: Առհասարակ, դրամաշնորհային նախագծերի մեջ շատ խիստ է դրվելու այն հարցը, թե ինչ տևական ազդեցություն է ունենալու ծրագիրը՝ երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման տեսակետից: Սրանք լինելու են հարցեր, որոնք կարևոր են հայտի ընտրության համար»,- եզրափակել է Ա. Խզմալյանը:

«Դասարան+դասական» ծրագիրը՝ ավագ դպրոցի սաների համար

«Դասարան+դասական» ծրագիրը կարևոր ճանապարհ է բացելու դեպի գիտություն և մշակույթ համագործակցություն: Այս նախագծի շրջանակում մրցութային կարգով՝ շարադրությունների հիման վրա, ավագ դպրոցներից կընտրվեն սաներ, որոնք 5 օր շարունակ, Սունդուկյան թատրոնում ստեղծվող հարթակում հնարավորություն կունենան շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ Հենրիկ Հովհաննիսյան, Ռուբեն Բաբայան, Արմեն Էլբակյան, Նելլի Խերանյան...»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ շատ գործնական բնույթ ունի այս նախագիծը, քանի որ սաները հնարավորություն են ունենալու դիտելու ներկայացումներ, շրջելու ետնաբեմում, արվեստանոցներում, ճանաչելու թատրոնը ներսից: Նրա նշմամբ՝ ծրագրի նպատակը ոչ այնքան դերասան, ռեժիսոր պատրաստելն է, որքան վաղվա՝ պրոֆեսիոնալ հանդիսատես:

«Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովը՝ կառավարման ոլորտում առկա խնդիրների վերհանման, մշտադիտարկման, վերլուծության հարթակ

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ օրերս Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովը՝ ժամանակակից արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների, պետական գնումների մասնագետների մասնակցությամբ: Քննարկել են ոլորտի առջև ծառացած խնդիրները և առաջատար փորձագետների՝ շուկայագետների, մարկետոլոգների, իրավաբանների հետ քարտեզագրել ոլորտի խնդիրները:

«Մեկենաս» ալմանախ

«Շատ հաճախ մենք խոսում ենք Բարեգործության մասին օրենքից և հասկանում ենք միայն հարկային արտոնությունները, որոնք տրվում են մեկենասներին, սակայն հավատացնում եմ, որ շատերին բավարար է մեր շնորհակալությունը: Բացի հարկային արտոնությունից մենք լրջագույն խնդիր ունենք տեղեկատվական քաղաքականություն ձևավորելու՝ ոլորտին աջակցող մարդկանց, հովանավորների, դոնոր կազմակերպությունների, բարերարների շուրջ: Դրա առաջին քայլը կլինի «Մեկենաս» ալմանախը»,- նշել է Ա. Խզմալյանը և հավելել, որ մեկենասությունը խրախուսելու և պետականորեն կարևորելու նպատակով տարեվերջին հրատարակվելու է «Մեկենաս» ալմանախը, որտեղ ամփոփ տեղեկատվություն է զետեղվելու ստեղծագործական կառույցներին աջակցած անհատների, կազմակերպությունների վերաբերյալ:

«Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիա

«Միջազգային շուկայում պահանջված ու մրցունակ լինելու համար բազմապրոֆիլ դերասաններ են պետք՝ արտաքին ունիվերսալ տվյալներով։ Միջազգային փորձն է հուշում՝ առաջատար ռեժիսորները ներկայացումներում հաճախ ընդգրկում են բալետի պարուհիների»,- նշել է Ա. Խզմալյանը և ավելացրել, որ 21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է և պահանջված է լինելու այն դերասանը, որը տիրապետում է տարբեր ժանրերին, տեխնիկային, իր մարմնին, և կարող է իրականացնել թե՛ մնջախաղի, թե՛ դրամատիկ, թե՛ երաժշտական թատրոնի դերասանի խնդիրները»: Ա. Խզմալյանը ներկայացրել է «Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիայի գաղափարը, որը կդառնա ազատ հարթակ, կմշակվեն պայմաններ, որով դրամատիկական թատրոնի դերասանները կանցնեն կատարելագործման ճանապարհը:

«ԼոգոսԼաբ» վերտառությամբ հարթակ

«Ձևավորում ենք «ԼոգոսԼաբ» վերտառությամբ հարթակ, որը գործարանի նման մի բան է։ Եթե որևէ դրամատուրգ, սցենարիստ ուզում է ստեղծել որևէ գործ, այդ նյութը քննարկվում է հոգեբանների, ռեժիսորների, դերասանների հետ, վերամշակվում է, ընթերցումներ են կազմակերպվում, փոքրիկ միզանսցեններով փորձարկվում են, և ունենում ենք մի գործ, կարող ենք հանգիստ տրամադրել մեր ռեժիսորներին ու կինոռեժիսորներին», տեղեկացրել է Ա. Խզմալյանը՝ հավելելով. «Հաճախ խոսում ենք, որ ժամանակակից պիեսները, դրամաները հետաքրքիր են գաղափարի տեսակետի, բայց տեխնիկապես իրագործելի չեն, որովհետև դրամատուրգները չեն ճանաչում բեմական տարածքի առանձնահատկությունները և հանդիսատես-թատրոն կապի հոգեբանությունը»։

«Օկտավա» նախագիծ

«Մշակույթն ապակենտրոնացնելու և մայրաքաղաքի ու մարզերի միջև մասնագիտական անջրպետը հաղթահարելու համար նոր նախագծեր են ստեղծվում։ Վանաձորում մեկնարկել է «Օկտավա» նախագիծը։ 8 արվեստագետ այս տարի Երևանից մեկնելու են Վանաձոր։ Հնարավորություն ենք տալու Վանաձորի ուսանողությանը և մտավորականներին շփվելու, հարցեր տալու, առնչվելու Երևանում ապրող լավագույն մտավորականների հետ։ Մենք պիտի մեր արվեստագետներին էկրանային կերպարից դարձնենք հասանելի, հնարավորություն տանք քաղաքացիներին շփվելու իրենց արժեքների հետ»,- մանրամասնել է Ա. Խզմալյանը

Մարզային այցելություններ` համագործակցության ձևաչափի մշակում

Ա. Խզմալյանը տեղեկացրել է, որ օրերս 10 մենեջերների հետ մեկնելու է Վանաձոր և Տավուշ։ «Տեղում իրականացնելու ենք մշտադիտարկում՝ հասկանալու թե համայնքները գույքային ինչ հնարավորություններ ունեն, ինչ միջավայրեր կան, որոնք հնարավոր է վերածել մշակութային միջավայրերի, պրոֆեսիոնալ ինչ կարողություններ ունեն, և փորձենք այստեղ արդեն գոյություն ունեցող մշակութային արժեքները, նախագծերը որոշ առումով տեղափոխել նաև համայնքներ, որպեսզի համայնքի ստեղծագործողները ընդգրկվեն այդ պրոցեսներում»։