ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին:

Հոբելյանական համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրայանի և դիրիժոր Խուան Դավիդ Մոլանոյի ղեկավարությամբ /Ժնև/, դպրոցի երգչախումբը և ջազ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինե Ավթանդիլյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրին մասնակցում են 10-18 տարեկան հայ և շվեյցարացի պատանի երաժիշտներ:

Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցն իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում. ունի բազում ավանդույթներ, մշակութային կապեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Արդեն 80 տարի է դպրոցը փայլուն շրջանավարտներ է տալիս՝ հանրապետական և միջազգյին մրցույթների դափնեկիրներ, հմուտ մանկավարժներ, երաժշտական-հասարակական գործիչներ: