«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, հյուրեր, միջազգային բանախոսներ։
Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ բնապահպանական խնդիրները միշտ ունենում են գլոբալ ազդեցություն, և դրանց լուծման համար պահանջվում են համատեղ ջանքեր, ուստի այս առումով կարևոր են նման միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրման և հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար: Համաժողովի ընթացքում կարևորվել է գիտության դերը բնապահպանության գործում:
Գագաթնաժողովի նպատակն է մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառային զանգվածների մակերեսը, նպաստել Հայաստանի անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց ու ակտիվ քննարկումներին՝ Հայաստանում և արտերկրում անտառների պահպանության ու վերականգնման ոլորտները բարելավելու համար:
Հոկտեմբերի 20-23-ն անցկացվող միջոցառումների ընթացքում տեղի կունենան անտառների պահպանման և վերականգնման վերաբերյալ գլոբալ ջանքերի և միջոցների քննարկումներ։ Կներկայացվեն անտառների պաշտպանության, դրանց վերականգնման ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում։
Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել ոլորտի վերաբերյալ նիստերի, քննարկումների, ինչպես նաև այցելել Հայաստանի անտառներ: Կլինեն նաև այցելություններ տեսարժան վայրեր և այլ հանդիպումներ: