ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի (Tokyo National Research Institute for Cultural Properties) գլխավոր տնօրեն Տակամասա Սաիտոյին, կոնսերվացման նախագծի բաժնի վարիչ Կեն Կանաիին, հնագիտության գիտաշխատող Հիրո Կանշային և ճապոնացի դասախոսներ Միե Իշիուն, Միդորի Յոկոյամային:

2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի միջև կնքված համաձայնագրի շրջանակում՝ 2017 թվականից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» և Մայր աթոռ Սբ Էջմիածնի թանգարանում անցկացվել են տեքստիլի վերականգնման և պահպանման սեմինարներ։

Սեմինարների ընթացքում մասնակիցները սովորել են տեքստիլի վերականգնման և պահպանման ժամանակ օգտագործվող զանազան կարատեսակներ, բնական և արհեստական նյութերով ներկել, համապատասխան գույներ ստանալու հմտություններ, հնագիտական և ազգային տեքստիլի մաքրման և լվացման եղանակներ, մանրադիտակի և քիմիական նյութերի միջոցով մանրաթելերի և ներկանյութերի նույնականացում, ինչպես նաև պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների փաստաթղթավորում ու նյութերի լուսանկարահանում։

Հանդիպման ընթացքում սեմինարավար-դասախոսները նշել են, որ Էջմիածնում աշխատանքներ են տարվում վերականգնված գործվածքների ցուցադրման ուղղությամբ, քանի որ դրանք պատմական մեծ արժեք ունեն: «Կան հնագույն տեքստիլներ, որոնք վկայում են Հայաստանի՝ աշխարհի հետ առևտրային կապի մասին: Բազմաթիվ թանկարժեք իրեր կան, որոնք չի կարելի կորցնել. դրանք պետք է պահպանել և հանրահռչակել: Մենք ոչ միայն սովորեցրել ենք, այլև ինքներս ենք սովորել հայկական տեքստիլի պատմությունն ու արհեստը», -ասել է Միե Իշիին:

Տակամասա Սաիտոյի խոսքով Ճապոնիայի կառավարությունը որոշել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի միջոցով իրականացնել նոր ծրագրեր՝ 5 տարի ժամկետով:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը համաշխարհային մշակութային կյանքում մեծ ներդրում է և չի սահմանափակվում միայն Հայաստանի սահմաններով:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում մշակույթի այլ ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու և նոր նախաձեռնություններ սկսելու վերաբերյալ: Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել. «Լիահույս եմ, որ այս նախաձեռնության ավարտը նոր ծրագրերի իրականացման սկիզբ կլինի: Մենք Մատենադարանում ևս ուշադրության արժանի խնդիրներ ունենք, մասնավորապես, թղթի վերականգնման ոլորտում: Հույս ունեմ մեր համագործակցության շրջանակում կիրականացնենք նաև այս ոլորտին առնչվող ծրագրեր»: