Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին և մոտեցումներին:
Գիտաժողովին, որպես հիմնական բանախոս, հրավիրվել է հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերը` Գերմանիայից: Նա գիտաժողովին մասնակից ներկա և ապագա մանկավարժներին ներկայացրել է գերմաներենի, որպես օտար լեզվի ուսուցման նոր մեթոդը, որին մասնագիտական շրջանակները տվել են «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» անվանումը:
Դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերը երախտագիտություն է հայտնել գերմաներեն դասավանդող հայ ուսուցիչներին, որոնք աշակերտների շրջանում նախապես անցկացրել են հարցումներ, կատարել տեքստային առաջադրանքներ և արդյունքները տրամադրել պրոֆեսորին. «Ես այդ աշխատանքներում տեսել եմ, թե ինչպես են Հայաստանում սովորում գերմաներեն»,-նշել է պրոֆեսորը` հույս հայտնելով, որ նոր մեթոդն ուսուցիչների համար կիրառական նշանակություն կունենա:
Գիտաժողովին մասնակցել են Երևանի և մարզերի դպրոցներում գերմաներեն դասավանդող ուսուցիչները: Նրանք կարևորել են նոր մեթոդի կիրառման վերաբերյալ ձեռնարկը և հույս հայտնել, որ այն կնպաստի գերմաներենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Գիտաժողովի մասնակիցներից գերմանացի Հոլգեր Շմիդթն արդեն 5 տարի աշխատում է Հայաստանում, գերմաներեն է դասավանդում և´ դպրոցում, և´ քոլեջում: Վստահեցնում է՝ աշխատանքում մշտապես իրականացրել է լեզվի վերլուծություն, ունի աշակերտների գիտելիքների ստուգման, գնահատման ծրագիր, բայց կարծում է, որ գիտաժողովին մասնակցությունը, նոր մեթոդի կիրառումը նոր հնարավորություններ կընձեռի գերմաներենի դասավանդման ոլորտում:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը:
Գիտաժողովը կազմակերպել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` Երևանի գերմանական ուսումնամշակութային կենտրոնի հետ համատեղ՝ Հայաստանում ԳԴՀ դեսպանության աջակցությամբ: