Հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 150-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի աջակցությամբ։

Գիտաժողովը նվիրված է Հ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը օրը խորհրդանշական է համարել՝ կարևորելով այն հանգամանքը, որ այս օրերին Հայաստանում նշվում է նաև Թարգմանչաց տոնը. «Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և կարող է լինել միսիա: Մենք այստեղ հավաքվել ենք հատկապես մանկական գրականության թարգմանությունները քննարկելու համար: Մանուկները մեր ապագան են, և մենք պետք է նրանց տանք ոչ միայն բարեկեցիկ կյանք, այլև ճիշտ թարգմանված գրականություն».- նշել է Նունե Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ևս ողջունել է հյուրերին, գիտնականներին և գործընկերներին: Ն. Խաչատուրյանն իր խոսքում հատկապես կարևորել է գիտաժողովի անկացման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած գիտնականների ներկայությունը. «Այսօր մենք միասին աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի հետ մեկ անգամ ևս յուրահատուկ կամուրջ ենք կառուցելու Արևելքի և Արևմուտքի միջև. թերևս ամենահումանիստական և ամուր կամուրջը, որի նյութը գրականության և բանահյուսության ամենից խորհրդավոր տեսակն է՝ հեքիաթը: Ու նաև մարդկային ստեղծագործության կամ ստեղծարարության կարևորագույն, գուցե ամենից բարդ դրսևորումը՝ թարգմանությունը: Թարգմանության որակից է կախված, թե աշխարհի ժողովուրդները իրենց մշակույթներով, ենթամշակույթներով ինչպես կհասկացվեն, ինչպես կկիսվեն իրենց մշակութային ժառանգությամբ և ինչպես կհարստանան մյուսների շնորհիվ: Թող Թումանյանի պնդումը, թե՝

«Թարգմանությունը ապակու տակ վարդ է, որի գեղեցկությունը տեսնում ենք, բայց բույրը չենք առնում», կասկածի տակ առնվի, մանավանդ, որ ինքը իր բացառիկ թարգմանություններով այս պնդումը մերժել է: Մերժել են նաև իրենից առաջ՝ Աստվածաշնչի թարգմանիչները: Եվ ուրեմն թող հեքիաթների մեջ պարփակված իմաստությունն ու խրատը միավորեն և գլխավորեն մեր ճանապարհը».-եզրափակել է Ն. Խաչատուրյանը:

Գիտաժողովին զեկուցումով հանդես են եկել տարբեր երկրներից ժամանած հյուրեր (Իտալիա, Անգլիա, Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան), ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները:

Գիտաժողովին կհաջորդի «Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը՝ հոկտեմբերի 12-ին` ժամը 18:30–ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում: