«Ստեղծագործ Եվրոպայի» դրամաշնորհային ծրագրերի և 2018–2019 թթ. Հայաստանի գրանցած արդյունքների, դրամաշնորհային մրցույթի հայտադիմումների ընդունման և ընթացիկ փուլի իրազեկման նպատակով` հոկտեմբերի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանի և «Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Հաջորդիվ` «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի կողմից Երևանում մեկնարկել է ծրագրին նվիրված «Տեղեկատվական շաբաթը», որը կշարունակվի Գյումրիում, Վանաձորում և Աղվերանում:

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանի տեղեկացմամբ` գրասենյակը հիմնվել է 2018 թվականին, երբ Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ ծրագիրն է: «Ծրագիրը ներկայանում է երկու ենթածրագրով` «Մշակույթ» և «Մեդիա». «Մշակույթը» առաջարկում է ֆինանսավորման, համագործակցության, զարգացման հնարավորություններ մշակույթի բոլոր ոլորտների համար, բացառությամբ աուդիովիզուալի` այն է կինոն և մեդիան: «Մեդիա» ենթածրագիրը համապատասխանաբար առաջարկում է հնարավորություններ կինո և աուդիովիզուալ ոլորտների համար»,- տեղեկացրել է գրասենյակի ղեկավարը և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին անդամակցում է միայն «Մշակույթ» ենթածրագրին»:

Ծրագրի քաղաքականության, հեռանկարների և կարևորության մասին խոսելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշել է, որ 2018 թվականին միանալով «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին` հայաստանյան մշակութային- հասարակական կազմակերպությունների, պետական մշակութային հաստատությունների առջև մեծ հնարավորություններ են բացվել: «Այս ծրագրին Հայաստանը պետք է մասնակցի ակտիվորեն, փնտրելով գործընկերներ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միացած երկրների շրջանում: Դրամաշնորհը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ոչ միայն լուծել ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցը, այլ նաև, ինչն առավել կարևոր է, արտերկրում ներկայացնել, հանրահռչակել հայ մշակույթը` համամարդկային մշակութային արժեքների մաս կազմելու համատեքստում»,- ասել է Նարինե Խաչատուրյանը և հավելել, որ գործուն քայլեր են ձեռնարկվում նաև միանալու «Մեդիա» ենթածրագրին, որը մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանում կինոլորտի զարգացմանը:

2018 թվականից «Գեղարվեստի ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» ևս հանդիսանում է ծրագրի մասնակից։

«Արդեն 2 տարի է ինչ մենք իրականցնում ենք ImPart ներառական թատերական նախագիծը` Գերմանիայի, Իտալիայի և Հունաստանի գործընկերների հետ: Մեր նախագծի նպատակն էր հետազոտել բոլոր ճանապարհները, մոտեցումները, որով հանարավոր է արվեստը առավելագույնս հասանելի դարձնել բոլոր սոցիալական խմբերին: Այս ուղղությամբ մենք տարել ենք բավականին խորը հետազոտական աշխատանքներ, և արդյունքում 2019 թվականի սեպտեմբերին 8-ին, Հունաստանում` Աթենքի ազգային օպերայի ալտերնատիվ բեմում տեղի են ունեցել 3 ներկայացումներ` Հայաստան, Հունաստան, Գերմանիա գործընկերակցությամբ»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

Բանախոսները նաև անդրադարձել են «Ստեղծագործ Եվրոպայի» շրջանակում հաղթող ճանաչված այլ ծրագրերի:

Տեղեկացնենք, որ 2019 թ. հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Աջակցություն եվրոպական համագործակցության նախագծերին 2020» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետն այս տարվա նոյեմբերի 27-ն է:

Ծրագիրը նախատեսված է մասնակից պետություններում գործող և մշակութային ու ստեղծարար ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար։ Ծրագրի օժանդակությամբ Եվրոպայում արդեն երեք տասնամյակ ստեղծվում են բազմապիսի նախաձեռնություններ` թատրոնի, գրականության, գեղարվեստի, երաժշտության ու այլ ոլորտներում. օրինակ, համատեղ ներկայացումներ, փառատոներ, արվեստի ոլորտի գործիչների կարողությունների հզորացում, լսարանի զարգացում, թվայնացում և այլն։

Փոքրածավալ համագործակցության նախագծերի համար ԵՄ կողմից տրամադրվում է մինչև 200.000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը պետք է ներկայացնի նախագծի ընդհանուր գործառնական ծախսերի առավելագույնը` 60%-ը: Այս պարագայում դիմորդ կողմը պետք է ներառի մեկ նախագծի ղեկավար կազմակերպություն և առնվազն երկու եվրոպական գործընկեր կազմակերպություն` երեք տարբեր երկրներից։ Լայնածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվում է մինչև 2.000.000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը պետք է ներկայացնի նախագծի ընդհանուր գործառնական ծախսերի առավելագույնը` 50%-ը: Այս պարագայում դիմորդ կողմը պետք է ներառի մեկ նախագծի ղեկավար կազմակերպություն և առնվազն հինգ եվրոպական գործընկեր կազմակերպություն` վեց տարբեր երկրներից։