Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ մարզպետեր, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին.
«Շնորհավորում եմ բոլորիս «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի կայացման կապակցությամբ: Նշանակություն չունի, թե որ տեղն եք զբաղեցրել, այս մրցույթին մասնակցելն ու այս փուլ հասնելն արդեն իսկ հաղթանակ է: Սպորտը միայն առողջ ապրելակերպը չէ, այն մարդկանց միավորելու ամենակարող ուժ է, իսկ դա ամենավեհ գաղափարն է»,- ասել է Գ. Լոռեցյանը:
«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք: Պայքարն ընթացել է 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:
Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել`
1-ին տարիքային խմբում` Բալյանների ընտանիքը (Երևան),
2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ),
3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ),
4-րդ տարիքային խմբում` Գեղամյանների ընտանիքը (Շիրակի մարզ):
Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից 1-ին տարիքային խմբում հաղթել է Արցախից Մխիթարյանների ընտանիքը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շիրակից Կարապետյանների ընտանիքը:
Եզրափակիչ փուլում առավելագույն միավորներ հավաքած՝ 4 տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը, իսկ 1-ին և 2-րդ տեղերը կիսել են Երևանն ու Կոտայքի մարզը, որոնք պարգևատրվել են գավաթներով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և դրամական պարգևներ.
- 1-ին տեղ – 500 000 դրամ
- 2-րդ տեղ – 400 000 դրամ
- 3-րդ տեղ – 300 000 դրամ