Այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, գիտնականներ, գրականագետներ, հյուրեր Լիբանանից, այդ թվում` Մուշեղ Իշխանի աշակերտները, ուսանողներ և այլք:

Նարինե Խաչատուրյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել համալսարանին ազնիվ գործունեության համար: Նախարարի տեղակալը նշել է. «Վստահ եմ՝ շատ հետաքրքիր զեկուցումներ կլինեն, և սա առիթ կլինի ուսանողության համար՝ շատ ավելի խորանալու Մուշեղ Իշխանի և, առհասարակ, սփյուռքահայ գրականության պատմության ոլորտում»:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, կարևորելով գիտաժողովի դերը, նշել է, որ գրականությունը հանրահռչակելու և ընթերցանությունը խթանելու այլ մեխանիզմներ ևս պետք է կիրառվեն` առանձնացնելով ասմունքի դերը:

Գիտաժողովը կազմակերպվել է Համազգային Հայ կրթական և մշակութային միության և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությամբ:

Բանախոսներն իրենց զեկուցումներում անդրադարձել են Մուշեղ Իշխանի բանաստեղծական կյանքին, փորձարարական քայլերին թատերգության մեջ, ազգային ինքնության պահպանման խնդիրներին:

Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել և արժևորել Մուշեղ Իշխանի` գրական ժառանգությունը, ուսուցչական և հասարակական գործունեությունը: