Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հոկտեմբերի 7-ին ավարտվել է տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլը: Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում վաստակել է 14.566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է հոկտեմբերի 12-ին կայանալիք եզրափակչին: Այս վարժությունում Օլիմպիական խաղերի վարկանիշ կարող են նվաճել 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարմնամարզիկները:

Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակել է 80.898 և զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: Դավթյանը չի հաղթահարել որակավորման փուլը, սակայն Եվրոպական խաղերի չեմպիոնը 11 այլ մարզիկի հետ Օլիմպիական խաղերի անհատական ուղեգիր է ստացել:

Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14.133 միավոր և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը՝ չի հաղթահարել որակավորման փուլը:

Ավելի վաղ կանանց առաջնության որակավորման փուլին մասնակցել է Անահիտ Ասադուրյանը և 42.965 միավորով զբաղեցրել 161-րդ հորիզոնականը: