ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկրում եվրոպական գործընկերների աջակցությամբ: Նա ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացի շրջանակում փորձագիտական խմբի գործունեության մանրամասները՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը ցանկանում է համախմբել բոլոր աջակիցների ջանքերն ու ռեսուրսները կրթական ոլորտի բարեփոխումներն ամբողջացնելու ուղղությամբ: Ա.Անափիոսյանը նշել է, որ այս փուլում անհրաժեշտ փաստաթղթերի մշակման, իսկ առաջիկա տարիների իրավակիրառական պրակտիկայի տեսակետից եվրոպական գործընկերների ֆինանսական աջակցությունը նույնպես չափազանց կարևոր է բարեփոխումներն ավարտին հասցնելու համար:

Պատվիրակության ղեկավար Վ. Մարագոսն առաջարկել է շարունակել երկխոսությունն ու քննարկումները կրթական բարեփոխումների ռազմավարության մշակման, տեսլականի ձևավորման ուղղությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցում, ինչպես նաև գալիք տարիներին տրամադրել հնարավոր ֆինանսական օժանդակություն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել փոխնախարար Ա.Անափիոսյանի ջանքերը կրթական բարեփոխումների կարևոր գործընթացում՝ վերջին տարիներին դրական տեղաշարժ արձանագրելով դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ:
Փոխնախարար Ա.Անափիոսյանը տեղեկացրել է, որ այս պահին արդյունավետ քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի շուրջ, ինչը հայկական կողմի համար առաջնահերթություն է, և ենթադրում է համակարգային փոփոխություններ բարձրագույն, շարունակական և ոչ ֆորմալ կրթության բնագավառներում: