Սեպտեմբերի 30-ին լրացավ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի 100-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին: Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում սեպտեմբերի 27-ին կազմակերպվել է ցերեկույթ. գրադարան էին հրավիրվել ԳՊՀ-ի ուսանողներ, աշակերտներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել է գրողի կյանքը և ստեղծագործությունները: Ասմունքով հանդես են եկել համալսարանի ուսանողները, գրադարանի աշխատակիցները: Գևորգ Էմինի կյանքից հուշեր է պատմել վաստակավոր դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանը: Գրադարանում բացվել է նաև գրքերի ցուցահանդես «Գևորգ Էմին-100» խորագրով: Արմավիրի մարզային գրադարանում տեղի է ունեցել անվանի բանաստեղծի հոբելյանին նվիրված՝ «Դարի, հողի, սիրո բանաստեղծ» խորագրով պոեզիայի ժամ:

Անվանի գրողի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ նախատեսվում են Շիրակի և Լոռու մարզային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարաններում: Գրականության և արվեստի թանգարանը, թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը՝ Աշտարակի քաղաքապետարանի հետ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կիրականացնի Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառումը կմեկնարկի Գևորգ Էմինի շիրմաքարին ծաղկեդրմամբ, ապա կշարունակվի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ գրողի անձնական իրերի ցուցադրությունով և ստեղծագործությունների ընթերցումներով: