Հոկտեմբերի 4-13-ը Շտուտգարտում կայանալու է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Անահիտ Ասադուրյանը: Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վստահեցնում է՝ եթե մեր մարզիկներն անեն այն, ինչ կարողանում են, կնվաճեն օլիմպիական ուղեգրեր:

«Աշխարհի առաջնությունից առաջ մասնակցել ենք 2 միջազգային մրցաշարի և մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել՝ այդպիսով սկսելով նախապատրաստվել կարևոր ստուգատեսին: Այս պահին տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում: Վաղը լինելու է գլխավոր փորձը, որից էլ կերևա՝ ինչպիսին է նրանց մարզավիճակը: Տղաները պետք է անեն այն, ինչ կարողանում են: Եկել են մեդալի և օլիմպիական վարկանիշի համար: Իրենք գիտեն, որ ուժեղագույնների թվում են, սակայն մարմնամարզությունում մեկ փոքր քայլը կարող է զրկել մեդալից»,- ասում է Հ. Սերոբյանը:

Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին, իսկ Անահիտ Ասադուրյանը՝ հոկտեմբերի 5-ին: