Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Առաջնությանը հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:
Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնելու են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար կպայքարեն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, այսօր մեկնարկել է առաջին տուրը: Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: Վերջին տուրը և առաջնության փակման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 12-ին: