Հոկտեմբերի 1-ը Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է: Հայ ժողովուրդը սգում է մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով, հպարտության և երախտագիտության զգացումով:
Այս նուրբ և խորունկ հիշողությունների մասին է պատմում Աիդա Ազնավուր-Գարվարենցի համանուն ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված՝ «Փոքր եղբայր» թատերական ներկայացման առաջնախաղը, որը տեղի կունենա հոկտեմբերին 21-ին և 22-ին Երևանում` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումեր են նախատեսվում նաև հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ին, Գարի Քյոսայան ջազ-քառյակի մասնակցությամբ կայացել է «Ազնավուր» համերգ-ներկայացման առաջնախաղը: Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում անցկացվել են միջոցառումներ` նվիրված մեծն Շանսոնյեին: Մինչև տարեվերջ տեղի կունենա Ազնավուրի ստեղծագործությունների և երգերի ձայնագրությունների շնորհանդեսը: