Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին: Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում:
80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթին:
«Ամեն ինչ շատ հաճելի և գեղեցիկ էր կազմակերպած: Նախարարությունը, ասես, ցանկանում է «թարմացնել» մեր տարիքը: Հաճելի է, որ մեզ ուշադրության կենտրոնում են պահում: Ինքս երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ միշտ զբաղվեն սպորտով, որ առողջ լինեն, հասնեն իմ տարիքին և անցնեն»,- ասում է Ժ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ թեև դարթսի մրցումներին մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց ավելի կարևոր արդյունքի է հասել՝ «թարմացրել է» տարիքը:
Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի պարգևատրման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
«Շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա և այս միջոցառման կապակցությամբ: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել Ծաղկաձորում: Այս խաղերը ցույց են տալիս, որ Հայաստանում տարեցները սիրում են զբաղվել սպորտով: Անկախ զբաղեցրած հորիզոնականից՝ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, քանի որ այս մրցմանը ձեր մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է բոլորիս համար»,- ասել է Գ.Լոռեցյանը:
ԿԳՄՍ նախարարությունից մրցանակակիրներն ստացել են մեդալներ, համապատասխան կարգի հավաստագրեր և դրամական պարգևներ: Ժենյա Վարդանյանը և 82-ամյա Ստյոպա Բալայանը պարգևատրվել են որպես մրցույթի ամենատարեց մասնակիցներ: Թիմային պայքարում առաջին հորզիոնականը զբաղեցրել է Երևանը, երկրորդ տեղում Արցախն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: