Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր՝ զինվորական ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլին:
Սեպտեմբերի 27-29-ը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անցկացված մրցման (50 մետր, ТОЗ-8 հրացաններ) անհատական պայքարում հաղթել է Արմավիրի մարզի Արգավանդի հիմնական դպրոցի աշակերտ Հունան Ավետիսյանը, որը գրանցել է ֆանտաստիկ արդյունք՝ առանց վրիպելու խոցելով թիրախը 43 անգամ: Երկրորդը տեղը զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Հերմինե Հունանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արարատի մարզի Գոռավանի հիմնական դպրոցի աշակերտ Հայկ Սարգսյանը:
Հանրապետական մրցումների թիմային պայքարում հաղթել են Տավուշի մարզի Գետահովիտի միջնակարգ դպրոցի սաները (զինղեկ՝ Ս. Շահնազարյան, տնօրեն՝ Հ. Ղազարյան): Երկրորդ տեղը զբաղեցրել են Գեղարքունիքի մարզի Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցի սաները (զինղեկ՝ Վ. Մազուլյան), իսկ երրորդ հորիզոնականում Կոտայքի մարզի Պռոշյանի միջնակարգ դպրոցի սաներն են (զինղեկ՝ Ա. Սահակյան):
Մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան կարգի վկայագրերով և մեդալներով, իսկ հաղթող թիմը՝ նաև գավաթով:
«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումն անցկացվում է 2003 թվականից: Մրցումների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ անմիջական կազմակերպիչը «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ն է՝ Ա. Հայրապետյանի ղեկավարությամբ: