Գերծանր քաշային կարգի ծանրորդներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը դարձել են աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտված առաջնության պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրանցել է 212 կգ արդյունքը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել մոտեցումները և 248 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ միևնույն ժամանակ 460 կգ արդյունքով դառնալով երկամարտի փոխչեմպիոն:
Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում գրանցել է 192 կգ արդյունքը, հրումում՝ 245 կգ: Երկամարտի 437 կգ արդյունքով Ալեքսանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: +109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն (484 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ուներ 9 ներկայացուցիչ: Ավելի վաղ ոսկե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ են նվաճել պոկում վարժությունում, Տաթև Հակոբյանը (81 կգ) զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում գրանցել է 6-րդ արդյունքը: