ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ներկա է գտնվել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կազմակերպված «Լեզուների Եվրոպական օր» ամենամյա միջոցառմանը: Նախարարի տեղակալը շրջել է լեզունների տաղավարներում, ծանոթացել ներակայացված կրթական և մշակութային նյութերին, ողջունել մասնակիցներին: «Լեզուների Եվրոպական օրն» այս տարի համախմբել է Երևանի 36 ավագ դպրոցների 600 աշակերտների, ովքեր ծանոթացել են բուհում դասավանդվող կրթական ծրագրերին` արևելյան և արևմտյան մշակույթներ ներկայացնող 22 լեզուների տաղավարներում:

Մասնակիցներին ողջունել է ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Խոսելով լեզուների կարևորության մասին` նա պատանիներին և երիտասարդներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ լեզուներ ուսումնասիրել̀ այդպիսով ընդլայնելով իրենց աշխատանքային հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները:

18 տարվա ավանդույթ ունեցող միջոցառումը նպատակ ունի խրախուսել բազմալեզվությունը, որպես միջմշակութային հաղորդակցման արդյունավետ միջոց`պատանիներին ու երիտասարդներին ներկայացնելով այն լեզունները, որոնք դասավանդվում են 85-ամյա պատմություն ունեցող համալսարանում|:

Նշենք, որ Եվրախորհրդի 47 անդամ երկրների կողմից կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ և դա անել ամենատարբեր տարիքում` խրախուսելով բազմալեզվությունը, որպես համաեվրոպական միտում: