Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող առաջնության պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները (190 կգ, 195 կգ, 199 կգ) և 199 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ միևնույն ժամանակ այս վարժությունում սահմանելով աշխարհի ռեկորդ:
Հրում վարժությունում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը հենց առաջին մոտեցմամբ աահովել է ոսկե մեդալը՝ հրելով 230 կգ: Այսպիսով, Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 429 կգ արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ են նվաճել պոկում վարժությունում, Տաթև Հակոբյանը (81 կգ) զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում գրանցել է 6-րդ արդյունքը:
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջնությունում Հայաստանն ունի ևս 2 ներկայացուցիչ. սեպտեմբերի 27-ին պայքարի են դուրս գալու Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):