Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և ունկնդրել կոմիտասյան հոգևոր ստեղծագործությունները՝ ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ:

Ավանդույթի համաձայն, այսօր ղողանջել է նաև թանգարանի զանգը, որը հնչեցվում է տարին 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան, մահվան օրերին և ապրիլի 24-ին: Շրջայցից հետո ներկաները ծաղիկներ են դրել Վարդապետի շիրիմին, ինչից հետո Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անցկացրել է հոգեհանգստի կարգ:

«Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր իր հայրենիքի սիրով: Վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբաղձ սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանը, նա հավիտենականության մեջ է դրել հայ երգը»,- իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Պատասխանելով հայ ժողովրդի և հայկական մշակույթի կյանքում Կոմիտասի դերակատարության մասին լրագրողի հարցին՝ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Մենք ունենք Մեծեր, որ հսկայական ազդեցություն ու անգնահատելի ներդրում են ունեցել մեր մշակույթի ու արվեստի մեջ: Նրանցից են Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը»: Նրա խոսքերով, այս օրերին իրականացվող մասշտաբային միջոցառումներն ու արարողությունները վկայում են այն մասին: «Հայ ժողովուրդը գնահատել է այդ վաստակը և շարունակելու է գնահատել»,- համոզմունք է հայտնել Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ Կոմիտասի ստեղծագործություններից ամենաշատը սիրում է «Կռունկը»:

Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը: Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, բացումը՝ ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: