Երևանի թիվ 186 հիմնական դպրոցում 2015 թ.-ից դասավանդում եմ ֆրանսերեն: Դասվանդման հենց առաջին տարում 5-րդ դասարանում ունեի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի փոքրիկ. նա նաև խոսքի հետ կապված խնդիրներ ուներ: Առաջին օրվանից զգացի, որ նա դասարանում մեկուսացած է՝ միայնակ նստած էր վերջում:

Ծանոթության առաջին վայրկյանից իմ առջև խնդիր դրեցի՝ երեխան պետք է սիրի ֆրանսերենը: Սկզբնական շրջանում նրանց սովորեցնում էի տարրական բառեր և արտահայտություններ: Փոքրիկը անտարբեր էր և լուռ: Հետագա մեկ շաբաթում կապ հաստատեցի նրա ծնողների հետ, և նրանք պատմեցին, որ երեխան շատ է սիրում համակարգչային խաղեր և մուլտեր: Հենց դրանց միջոցով էլ նրան ներառեցի իմ դասերին: Բացի այդ, ամեն օր մի քանի աշակերտի հանձնարարում էի, որ իրենց դասընկերոջ սիրած խաղին կամ մուլտհերոսին վերաբերող մի գեղեցիկ նկար կամ որևէ իր բերեն: Դրանց միջոցով մյուս աշակերտների հետ համատեղ նրան ամեն օր սովորեցնում էինք 3-5 բառ, իսկ դասի վերջում, երբ նա արտասանում էր սովորածները, ես և դասարանի մյուս աշակերտները ծափահարում էինք, որպեսզի ոգևորենք: Այդ պահին զգում էի նրա անսահման ուրախությունը:

Պետք է նշեմ, որ շատ ընդունակ և լեզվական հակումներով երեխա էր: Տարվա վերջում, երբ իմացա, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա, շատ տխրեցի: Ի զարմանս ինձ՝ 2 տարի հետո նրանք ընտանիքով վերադարձան. նրա դասարանցիները արդեն 7-րդ դասարանում էին: Մոր պատմածներից հասկացա, որ այնտեղ էլ է ֆրանսերենը եղել առաջնային տեղում, և զուգահեռ սովորել է նաև անգլերեն և գերմաներեն: Փոքրիկը ուզում էր սովորել իր դասարանում, սակայն կարգի համաձայն, նա պետք է քննություններ հանձներ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր առարկաներից նա ստացավ ամենաբարձր գնահատականները... Այո՛, հենց լեզուներից՝ ֆրանսերեն, անգլերեն: Պատկերացրեք, հանձնաժողովի անդամների զարմանքը, երբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ֆրանսերեն և անգլերեն ավելի լավ է արտահայտում մտքերը, քան հայերեն:

Իմ փորձը ցույց տվեց, որ, անկախ ամեն ինչից, ցանկացած երեխա ունի իր տաղանդներն ու յուրահատկությունները: