ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-ին Թումանյանի «Անուշով» (ներկայացման բեմադրող ռեժիսոր` Վահե Շահվերդյան) բացվել են Աբելյանական 88-րդ թատերաշրջանը, «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոները:

Փառատոնային տրամադրությունը Վանաձորում կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը:

Այս տարի փառատոնին մասնակցում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Ալավերդու քաղաքային, Երևանի պետական կամերային երաժշտական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական, Հրազդանի դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Աբովյանի դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային, Երևանի խամաճիկների «Միմոս», Երևանի պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Երևանի մնջախաղի, Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնները: Փառատոնին մասնակցում է նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի «Իտո Գումի թատրոնը»՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով՝ «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Ռոմեո և Ջուլիետ», «Տերն ու ծառան», «Շունն ու կատուն», «Սուտասանը», «Անխելք մարդը», «Մորգանի խնամին», «Չախչախ թագավորը», Թումանյանի հեքիաթները՝ remake տարբերակով և այլն:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը փառատոնի հանդիսավոր բացմանը նվիրված իր խոսքում նշել է, որ փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարևորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ: «Անուշ» ներկայացման պրեմիերայով բացվում է թատերաշրջանը, որը ամբողջովին նվիրված է Թումանյանին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: