ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն 8-րդ անգամ իրականացվող «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 21-25-ը. բացման արարողությունը տեղի է ունեցել Բյուրականում գտնվող «Տոնացույց» կենտրոնում:

Ծրագրին արտերկրից մասնակցում է 2 խումբ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Քաշանի տիկնիկների թանգարանի ֆոլկ խումբն ու Հնդկաստանի Ռաջիստան նահանգի «Նարութիա» ծիսական պարերի ակադեմիայի ֆոլկ խումբը: Հայաստանից մասնակցում է 6 խումբ՝ «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Բյուրական» հնագույն երաժշտության անսամբլը, Լեռնապատի «Երջանիկ» ազգագրական երգի և պարի խումբը, «Մասունք» ազգագրական խումբը, Փամբակի «Հեքիաթի տան» ֆոլկ խումբը, «Կարապետ» ստվերների ֆոլկ թատրոնը, ինչպես նաև ժողովրդական վարպետներ՝ խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյանն ու նկարիչ Արարատ Սարգսյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, ազգային ուտեստների ներկայացումներ՝ Երևանում, Փամբակում, Աշտարակում և Բյուրականում, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ՝ Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում և այլ վայրերում: Տեղի են ունենում հանդիպումներ ուսանողների հետ և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնը մեկնարկել է 2011 թվականին, Եվրոպայից հրավիրված ավանդական մշակույթի փորձագետների խմբի մասնակցությամբ, որի արդյունքում Հայաստանը միացել է «Խաղաղության մշակույթ» միջազգային ծրագրին և հիմնադրվել է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ամենամյա միջազգային ֆոլկլորային փառատոնը:

Փառատոնի հիմնական նպատակը տարբեր ազգերի ժողովրդական մշակույթի և միջմշակութային երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության մշակույթի տարածումն է, միջմշակութային համագործակցության նոր եզրերի ստեղծումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մշակույթների ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև տեղական համայնքների մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացումը: