Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը կատարել է 2 արդյունավետ մոտեցում՝ 167 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մկրտչյանը հաջողությամբ է կատարել 204 կգ և 208 կգ մոտեցումները և երկամարտի 375 կգ արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Դավիթ Հովհաննիսյանը, որը անմասն է մնացել մեդալային պայքարից՝ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ պայքարի են դուրս եկել Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով B ենթախմբում զբաղեցրել է 6-րդ տեղը, Կարապետյանը պոկում վարժությունում 168 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 0 է ստացել՝ 3 փորձից չկարողանալով բարձրացնել 195 կգ ծանրաձողը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):