Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը:

Այն կազմակեպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Փառատոնի գլխավոր հովանավորը «Արդշինբանկն» է:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներն են՝

1. Արայիկ Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

2. Նիկոլայ Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

3. Մհեր Նավոյան – Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար

4. Հովհաննես Չեքիջյան – Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Փառատոնի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 26-ին, ժամը 18:30-ին, ելույթ կունենան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը, Շտեֆան Ֆինկեն (տենոր, Գերմանիա), Երևանի պետական կամերային երգչախումբը, Լուկա Բրունոն (բարիտոն, Իտալիա), «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբը, Տակահիրո Ակիբան (դաշնամուր, Ճապոնիա) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Կոմիտասի 150 ամյակին նվիրված փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում:

Այս տարի գիտաժողով–փառատոնի շրջանակներում նախատեսվում են իրականացնել միջոցառումներ նաև Գերմանիայում, մասնավորապես՝

Հոկտեմբերի 8-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմեկնարկի «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են երաժշտագետներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Ռուսաստանից:

Հոկտեմբերի 9-10 «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի արդեն ՀԱԼԼԵ-ՎԻՏԵՆԲԵՐԳԻ ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐԻ համալսարանում:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: Այն հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ չորս տարիներին գիտաժողով-փառատոնն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների և գիտնականների: