Սեպտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկաներին փոխանցել է նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«Համոզված եմ, որ առաջնությունը կխթանի դպրոցականների շրջանում այս մարզաձևի զարգացումը, կհարստացնի դպրոցականների «Շախմատ» առարկայից ստացած գործնական գիտելիքները: Մեր երկրում բազմիցս անցկացվել են շախմատի խոշոր մրցաշարեր, և համոզված եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած դպրոցականների այս առաջնությունը նույնպես լինելու է չափազանց հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու լարված և գեղեցիկ մրցապայքարի: Առաջնությանը մասնակցող բոլոր պատանի շախմատիստներին մաղթում եմ հաջողություն, ազնիվ և հետաքրքիր մրցակցություն»,-ասված է Ա.Հարությունյանի ուղերձում:

Սեպտեմբերի 18-25-ը անցկացվող առաջնությանը մասնակցում է շուրջ 100 պատանի շախմատիստ՝ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից: Առաջնության կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը և մրցումները համակարգում ու ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նշենք նաև, որ նախատեսվում է հաջորդ տարի Հայաստանում անցկացնել դպրոցականների սամբոյի աշխարհի առաջնությունը: