ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին:

ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը։ ՄԵԿ-ի կազմում արդեն ընդգրկված է 14 կառույց:

ՄԵԿ-ի անդամները ներկայացրել են հարթակի նպատակներն ու կատարվող աշխատանքները: Միությունը նպատակ ունի երիտասարդության ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց միջև ձևավորել գործընկերություն, համակարգել ոլորտում իրականացվող ծրագրերը, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով:

«Հարթակի ստեղծումը դրական քայլ և իմպուլս է, որը հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց թույլ կտա համախմբվել մեկ նպատակի շուրջ: Նախարարությունը լուրջ աշխատանքներ է տանում ոլորտի ռազմավարության մշակման հետ կապված, և ողջունելի է, որ դուք ինքներդ որոշակի պահանջներ եք ներկայացնում»,- նշել է Գևորգ Լոռեցյանը երիտասարդների հետ հանդիպմանը:

Փոխնախարարը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին ու երիտասարդական ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: