Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նոր թատերաշրջանը բացվել է Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացումով բեմադրությունը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի։
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում ներառված են Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ. Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։
Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի բեմադրությամբ. այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը. բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան։ Ներկայացումը նվիրված է Հ. Թումանյանի 150–ամյակին։
Թատրոնում ընթանում են նաև այլ բեմադրական աշխատանքներ. բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա. Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի դատին կներկայացնի ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը. բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։
Ռուսական թատրոնը կմասնակցի հանրապետական` «Թատերական Գավառ» և Աբելյանական 3-րդ փառատոներին: