Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում:

Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Արթուր Ալեքսանյանը, կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվելով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին, դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սլավիկ Գալստյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Այսօր բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն է ունեցել նաև Կարապետ Չալյանը, սակայն որոշիչ գոտեմարտում նա պարտություն է կրել՝ 6:9 հաշվով զիջելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադալի Ղերաիին:

Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանն ապահովել են Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Սեպտեմբերի 18-ից պայքարը սկսելու են ազատոճային ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):