ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) եկեղեցու վերաբացման արարողությանը:

Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2016-2019 թվականներին, ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ի կողմից:

Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին՝ հուշարձանի պահպանության և որմնանկարների վերականգնման ֆինանսավորման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

«Այս փոքրիկ եկեղեցին՝ գեղեցիկ որմնանկարներով, Մեղրու Փոքր Թաղի զարգացման համար կարող է դառնալ այն անկյունաքարը, որը Հայաստանի ամենահեռավոր շրջանը՝ Մեղրին կդարձնի աշխարհի կենտրոն: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը երկար ճանապարհ ունի անցնելու»,- նշել է նախարարի տեղակալը:

Եկեղեցու որմնանկարները վերականգնել է «Որմնանկարների վերականգնման գիտահետզոտական կենտրոնը» (որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակ՝ Արժանիկ Հովհաննիսյան), եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ Մերի Դանիելյան, համահեղինակ՝ Մարիամ Մովսեսյան:

Որմնանկարների պահպանության նպատակով տեղադրվել են ջրահեռացման, օդափոխության համակարգեր, փոխվել է եկեղեցու տանիքը, բարեկարգվել են եկեղեցու մոտեցման ճանապարհները։