Սեպտեմբերի 17-27-ը ՀՀ Տավուշի մարզում անցկացվելու է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիում, որին կմասնակցեն աշխարհի 17 երկրների 23 և Հայաստանը ներկայացնող 7 նկարիչ:
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, «Հաղարծին» վանական համալիրի տարածքում: Միջոցառման փակումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին Իջևան քաղաքի «Վերնատուն» պատկերասրահում՝ սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարների ցուցահանդեսով։
Սիմպոզիումի գաղափարը ենթադրում է տարբեր մշակույթներ և նկարչական արվեստի ժանրեր ներկայացնող նկարիչների համատեղ շփում, հմտությունների փոխանցում և կուտակած հարուստ փորձի փոխանակում։ Մարզի մշակութային կյանքում բավականին լուրջ ներդրում ունենալուց բացի, սիմպոզիումը ներառում է նաև կրթական կարևոր բաղադրիչ։ Իրենց երկրներում մեծ համբավ վայելող նկարիչները հյուրընկալվելու են մարզի մշակութային կրթօջախներում, անցկացնելու են վարպետության դասեր, իրենց խորհուրդներով և փորձով օժանդակելու են ստեղծագործող երիտասարդներին։
Հայաստան ժամանած հյուրերը սիմպոզիումի պաշտոնական բացմանը նախորդող օրը շրջելու են Երևանի թանգարաններում: Հատկապես մեծ տեղ են գրավելու Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված միջոցառումները։ Սիմպոզիումի ծրագիրը նաև հնարավորություն է տալու մեր հյուրերին շրջագայելու Տավուշի մարզի լավագույն տուրիստական կենտրոններով։
Միջոցառումը կազմակերպում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը, որի տնօրեն Արմինե Թումանյանը նաև սիմպոզիումի հեղինակն է և գլխավոր համակարգողը։ Սիմպոզիումի համակազմակերպիչն է ՀՀ Տավուշի մարզպետարանը: