Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով «Ճերմակ արջը» հրաժարվել է պայքարից:

Ավելի վաղ Ալեքսանյանն ապահովել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության քառակի և աշխարհի եռակի չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին:

1/16 եզրափակչում Արթուրը գոտեմարտել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլիաս Կուոսմանենի հետ և հաղթել 10:0 հաշվով: 1/8 եզրափակչում Ալեքսանյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Ջենկ Իլդեմին՝ 4:2, քառորդ եզրափակչում 4:3 հաշվով հաղթել է իրանցի Մոհամադհադի Աբդուլահ Սարավիին, իսկ կիսաեզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Մելիայի նկատմամբ: