Սեպտեմբերի 14-ին և 15-ին Ռուսական արվեստի թանգարանը՝ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ, Սերո Խանզադյանի և Պարույր Սևակի տուն-թանգարաններում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ շրջիկ նկարի ցուցահանդես - կրթական ծրագրերի շարքը:

Ծրագրի նպատակն է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի մեկ թանգարանային առարկայի` Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության միջոցով մասնակիցներին գիտելիքներ փոխանցել 19-ից 20-րդ դարերի գրականության, պատմության, մշակույթի, կերպարվեստի վերաբերյալ: Ֆիլմի, դասախոսության, «AR–հավելված իրականության» և անիմացիոն ֆիլմի միջոցով ծանոթացնել ստեղծագործության գրական-մշակութային արժեքին, հաղորդել հմտություններ վերը նշված նկարի տեխնիկա համարվող գրաֆիկայի տեսակների (մասնավորապես լինոփորագրության) վերաբերյալ։ «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ծրագիրը, որպես լավագույն թանգարանային մարքեթինգի նախադեպ, փորձի փոխանակման միջոցով կներկայացվի հյուրընկալող թանգարանի աշխատակիցներին` զարգացնելով միջթանգարանային համագործակցությունը։

Թանգարանային կրթության կենտրոնի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի 3 մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) և Երևանի թվով 13 թանգարաններում հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվելու են մեծահասակների ներգրավմամբ կրթական ծրագրեր: Առաջին անգամ Հայաստանի տարբեր թանգարաններ փորձելու են միավորել իրենց կարողությունների ողջ շրջանակը և իրականացնելու են բազմազան կրթական ծրագրեր, որոնք ունենալու են շահառուների և սպառողների լայն շրջանակ և բավական ընդգրկում աշխարհագրություն: Կրթական ծրագրեր են իրականացվելու Գորիսի, Գյումրիի, Երևանի, Ստեփանավանի, Դեբետի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ՔՕԱՖ Սմարթ կենտրոնում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Ստեփանավանի մշակույթի կենտրոնում, Լոռի-Բերդ պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում և այլուր: Ծրագրերը ընդգրկում են վարպետաց դասերից մինչև ավանդական արհեստների ուսուցում, շրջիկ ցուցահանդեսից մինչև հեծանվային երթեր, լինոփորագրության դասընթացներ, ազգային տոների բեմականացումներ: