ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը:
Այն մեկնարկել է 2017 թ. և տեղի է ունենում հանրապետության 6 մարզերի 24 համայնքներում՝ ՀՀ Կոտայքի (Եղվարդ և Թեղենիք, Քարաշամբ, Հացավան, Գեղադիր համայնքներ), ՀՀ Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բաղանիս, Դովեղ և Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Բագրատաշեն, Կողբ համայնքներ), ՀՀ Արմավիրի (Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնք), ՀՀ Վայոց ձորի (Խաչիկ համայնք), ՀՀ Արարատի (Դվին, Ջրահովիտ, Արտաշատ համայնք), Սյունիքի (Տեղ), որտեղ ստեղծվել են հայ արվեստի 15 «Արար» կենտրոններ:
Տեղաբնակ 11 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են շուրջ 600 մասնակիցներ:
Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման ու փոխանցման գործընթացում հասարակության մասնակցությունը: Աշխատանքներում մարզաբնակ մասնագետների ներգրավմամբ աշխուժանում է մարզային մշակութային կյանքը, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության, համայնքների կյանքում դրա տեղի ու դերի արժևորման առումով: Կենտրոնի սաների կողմից ստեղծված ազգային մշակույթի նմուշները կարևորվում են համայնքի մշակութային կյանքում՝ ձևավորելով տեղական մշակութային առանձնահատկությունների համահավաք պատկերը և նպաստավոր պայմաններ ստեղծում նաև մշակութային տուրիզմի զարգացման համար: