Ս. թ. սեպտեմբերի 6-ին «Սիրիահայերի արդյունաբերական գոտում» տեղի է ունեցել «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի շրջանակում իրականցված դասընթացի ավարտական վկայականների հանձնումը և սիրիահայերի հիմնած «Նոր Արև» ապրանքանիշի առաջին էկոլոգիական փաթեթների նվիրատվությունը։

Ծրագիրը մեկնարկել էր ս. թ. հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում իրականացվել են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ:

Դասընթացներին մասնակցել են 18 սիրիահայ կանայք, որոնք ձեռք են բերել նոր ունակությություններ ու գիտելիքներ Լասսե և Ուրֆա ասեղնագործության տեսակների վերաբերյալ` այդ կերպ խորացնելով ասեղնագործության արվեստի իրենց գիտելիքները։

Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում և եկամտի աղբյուր։ Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորման` ասեղնագործության զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև սիրիահայ կանանց՝ այդ ոլորտում ունեցած հմտությունների կատարելագործմանն ու փոխանցմանը: