Պատմությունս մի փոքրիկ աղջկա մասին է, որի հետ ծանոթացել եմ խմբային աշխատանքի ժամանակ։ Ինձ գրավեցին նրա վարակիչ ծիծաղն ու ծով կապույտ աչքերը։
Նա գերակտիվ երեխա է, բավականին խելացի, սիրում է նկարել, կարողանում է հեշտությամբ փոխհարաբերություններ հաստատել թե՛ մեծահասակների և թե՛ հասակակիցների հետ։ Սակայն չէր կարողանում սպասել իր հերթին թե՛ խաղերի ժամանակ, թե՛ առօրյայում, ինչի պատճառով հաճախ էր գժտվում ընկերների հետ։

Աշխատանքի և մեթոդների շնորհիվ (դերային խաղեր, շարժախաղեր, կանոններով խաղեր) սովորեցինք սպասել։ Այս առումով նրան հատկապես գրավում էին շարժախաղերը։ Շարժախաղի ժամանակ կիրառվում է ժետոնի տեխնիկան։ Ժետոնի կիրառումը կապված է խրախուսման հետ՝ հետևում ես խաղի կանոններին և սպասում ես հերթին, որքան շատ ես ժետոն հավաքում, դառնում ես «հաղթողը» ու ստանում խրախուսանք։

Շարժախաղին մասնակցում էին 20 երեխա, այդ թվում և իմ հրաշք աղջիկը։ Խաղի նպատակն էր՝ հերթով խոչընդոտներն անցնել և գնդակը գցել ցանցը։ Դա սովորեցնում էր լսել խաղավարին, կատարել հրահանգները և սպասել քո հերթին։ Աղջիկս այնքան ոգևորված էր մասնակցում, որ ամեն կերպ ուզում էր հաղթել։ Շնորհիվ իր համառ կամքի՝ կարողացավ սպասել հերթին, լսել և ճիշտ կատարել հրահանգները, արդյունքում, հավաքեց ժետոններն ու հաղթեց։
Իսկ վերջում ստացավ խոստացված խրախուսանքը։
Նա սովորեց պահել քայլերի ճիշտ հաջորդականությունը, սպասել իր հերթին, որն առաջ նրա համար մեծ խնդիր էր թե՛ մանկապարտեզում, թե՛ առօրյա կյանքում։ Այսօր նա հաղթահարել է կյանքի այդ խոչընդոտը։ Հիմա նա միայն գովեստի խոսքեր է լսում և ուրախանում։

Չի կարելի երեխային համեմատել այլ երեխաների հետ, նրան միայն պետք է համեմատել իր հետ՝ թե ինչպիսին էր նա երեկ։ Իսկ ամենագլխավորը՝ պետք է սիրել երեխային, ընդունել նրան այնպիսին ինչպիսն կա և անընդհատ ասել, որ նա ամենալավն է ու ամենասիրելին։
Դուք չեք պատկերացնի թե ինչպես է աղջիկս ծաղկում, երբ նրան ասում եմ. «Դու իմ խելացի և բարի աղջիկն ես»։ Նա ուղղակի երջանկանում է, իսկ ինձ համար տեսնել, որ երեխան երջանիկ է՝ ամենակարևորն է։