Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:
Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը /ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան/, Ալեքսանդր Աբելյանը /ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան/ և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Եվա Հունանյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/։
Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վաչագան Դիլանյանը /մաթեմատիկա՝ 12-րդ դասարան/, Դավիթ Կիրակոսյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/ և Արեն Հակոբյանը /քիմիա՝ 11-րդ դասարան/:
Երևանի թիմը ղեկավարում էին Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Հրանտ Թոփչյանը և քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը։
Նշենք, որ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադան թիմային մրցույթ է չորս առարկաներից /մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա/, որին մասնակցում են 14-18 տարեկան աշխարհի մեծ քաղաքների աշակերտներ։ Յուրաքանչյուր քաղաք կարող է ներկայացնել 8 մասնակից՝ յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ:
Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2018 թ.-ի մրցույթում, որին մասնակցում էր 33 քաղաքի 257 աշակերտ, նվաճել է 3 արծաթե և 5 բրոնզե մեդալների, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։