Ահա իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ ամենամեծ հաջողություններից մեկը…
Երեխան միջանձնային հարաբերություններ հաստատում էր միայն ընտանիքի անդամների հետ: Հայացքը փախցնում էր, մեզ հետ չէր հաղորդակցվում. դպրոցի կազմակերպած միջոցառումներին կա՛մ ընդհանրապես չէր մասնակցում, կա՛մ շատ կարճ ժամանակով էր ներկա լինում: Մարդկանց բազմությունը և աղմուկը երեխային անհարմարություն էր պատճառում: Շփում հաստատելու գործընթացը երկարատև էր: Փորձեցի իր հետաքրքրությունների միջոցով ներթափանցել իր աշխարհ: Հետաքրքիր էր այն փաստը, որ երեխան ժամերով կարող էր հետևել, թե ինչպես են շերտավարագույրները շարժվում քամուց. հենց դա էլ դարձավ մեր «ընդհանրությունը»...

Սկզբից մենք աշխատում էինք երկուսով: Ավելի ուշ արտթերապիայի, խաղային թերապիայի տարբեր մեթոդիկաների, ինչպես նաև ծնողի հետ համատեղ գործունեության շնորհիվ կարողացանք հաղթահարել որոշ բարդույթներ: Աշխատանքի արդյունքում հասանք այն բանին, որ երեխան սկսեց փոքր խմբում համագործակցային վարք դրսևորել: Ձեռքով բարևում, անգամ գրկախառնվում էր խմբի անդամների հետ:

Երկու ամիս անց դպրոցում ինտերակտիվ ներկայացում էր ցուցադրվում, հարյուրից ավելի երեխաների հետ դահլիճում նստած՝ ցուցադրությունը վայելում էր նաև մեր փոքրիկը, որ մի քանի ամիս առաջ անգամ փոքր խմբում որևէ միջոցառման չէր մասնակցում:
Այսպիսով, կարևոր է հասկանալ և ընդունել երեխաներին` իրենց առանձնահատկություններով: