Երևանյան գարուններից մեկն էր: Ինձ համար աշխատանքային մի նոր շրջան էր, հինգերորդ շրջապտույտ, հինգերորդ սերունդը… Եվ ամեն անգամ նորից նոր տողից՝ Ա-ից Ֆ: Թվում է, թե արդեն ունեցածս աշխատանքային փորձը պետք է որ ալեկոծումներ չառաջացներ, բայց... Բազմավաստակ կոլեկտիվում ես նորեկ էի, այն նորեկ երեխայի նման, որն աչքերով փնտրում է հարազատ մեկին: Դպրոցի տոնական զարդարված նախասրահը բացեց իր դռները: Մինչ կհասցնեի ուշքի գալ, շարունակ լացող բալիկը ամուր գրկեց թևս, իսկ աջ ձեռքս այնքան ուժեղ էր սեղմվում, որ ակամա շրջվեցի. «Բարև: Դուք իմ ուսուցչուհին եք»: Արտասանության նման էր, վստահ, բարձր, պարտադրող… Իսկ լացող բալիկը ամուր կպել էր ինձ և ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, որ հանկարծ իրենից կարևոր մեկն էլ կարող էր լինել: Հավաքեցի ամբողջ համարձակությունս և նույն ոգևորությամբ պատասխանեցի. «Այսքան բալիկների մեջ ես էլ քեզ էի փնտրում, տղա՛ս»: Աչուկները հաղթանակած էին: Ես հաջորդ օրերին հասկացա «հակառակ բևեռներ» հասկացության խորությունը: Մեկը գերակտիվ, աշխույժ, շատախոս, հարցասեր, հուզակամային բարձր դաշտով: Լացող բալիկս… Դե արդեն կարծում եմ պարզ է:
Նախապատրաստական փուլը անցավ հագեցած: Սկսեցի մշակել անհատական մոտեցման պլաններ: Օրեցօր եռակողմ փոխներգործուն հնարքներով կարծես թե կարողացա փոքր-ինչ «խաղաղություն» բերել դասարան: Մի օր խաղում էինք «Թաշկինակ» խաղը (այլ ելք չունեի, աշխույժ բալիկս անդադար վազում և բարձր գոռում էր՝ ասելով. «Ես այսպես եմ հանգստանում»): Բայց այս անգամ փոխել էի խաղի կանոնները:
Երեխաներին բաժանել էի թղթեր և մատիտներ՝ առաջարկելով նկարել ինձ և խաղացող բալիկին: Եվ հանկարծ ընդհատվեց լացը: Թաց աչքերով առաջին անգամ ժպտում էր «լացկան» բալիկս: Գլխավերևում թափահարում էր թաշկինակը: Ահա և գտա բանալին: Բայց ամեն մի նոր բան շատ արագ դառնում է հին ու կրկնվող, իսկ այսպիսի բալիկների հետ պետք է երևակայության եզրերդ անսահման լինեն: Ուսուցչական աթոռը դարձավ խրախուսանքի «պատվանդան»՝ Հայկի առաջարկն էր: Մի օր մոտեցավ և ասաց. «Տիկին Խաչատրյան, ես ինձ խելոք կպահեմ, եթե թողնեք, որ ամբողջ դասին նստեմ Ձեր աթոռին»: Համաձայնեցի, ու սկսեցինք դասը: «Հայկը նստել է»,- ասաց Արամայիսը՝ շարունակ թափահարելով ուսս: Իսկ Հայկի նստելն ու Արամայիսի խոսելը համարժեք էին իրար: Մյուսները գոհ և երջանիկ ժպիտներով նայում էին ինձ:
Եվ այսպես շարունակ, ամեն օր նոր բացահայտումներով: Մենք արդեն չորրորդ դասարան ենք: Անցյալ սեպտեմբերի մեկին, երբ Հայկը սկսեց արտասանել Պ. Սևակի «Բարև» բանաստեղծությունը, բակում եռացող աղմուկը հանկարծ միանգամից դադարեց: Իր պաթետիկ ոճով, հպարտ ու խրոխտ ձայնով և միայն իրեն հատուկ «Բարև»-ով ողջունում էր այն նորեկներին, որոնք առաջին անգամ պետք է ոտք դնեին դպրոց: Իսկ այդ ընթացքում Արամայիսը, արդեն իմ ձեռքը բռնելու փոխարեն, կանգնած էր ընկերների շարքում՝ արևի նման ժպտացող աչքերով:
Կրկին համոզվեցի, որ ներառական կրթությունը լավագույն լուծումներն է առաջարկում հանրակրթական համակարգին, և, միևնույն ժամանակ, այն պետք է դիտարկվի ոչ թե որպես բացառիկ, առանձնահատուկ հարց կամ ոլորտ, այլ որպես ամբողջ դպրոցական համակարգի հիմնարար զարգացման սկզբունք: