Ինձ ուղարկեցին տնային ուսուցում իրականացնելու մի երեխայի հետ, որի ընտանիքը շատ դաժան ճակատագիր ուներ։ Հեռվից ամեն ինչ գորշ էր, նույնիսկ՝ վախ ներշնչող։ Բայց սիրով հանձն առա, երեխային խնամում էր տատիկը։ Հետաքրքիր պատահականությամբ մուտքի մոտ սեղմեցի տատիկի ձեռքը,ներկայացավ, ինձ թվաց` իմ անուն-ազգանունն ասաց, բայց, փաստորեն, նույն անուն-ազգանունն ունեինք: Առաջին օրերին տասներկու տարեկան տղան փախչում էր ինձնից: Քանի որ չէր խոսում, չէինք կարողանում հաղորդակցվել, ընդհանրապես չէր ուզում շփվել։ Շատ էի տանջվում։ Հեռախոսս նոր էի գնել, սկսեցի բեռնել հետաքրքիր նյութեր (հայրենասիրական երգեր, երաժշտական այբուբեն, կարճամետրաժ մուլտֆիլմեր, ուսուցողական տեսանյութեր՝ առարկաներով): Փորձում էի գրավել թե' ձայնով, թե' շփվելով (քնքշանքի կարիք ուներ): Կամաց-կամաց ժպտում էր ու հարմարվում բազմոցի անկյունում։ Օր օրի նստելու տևողությունը երկարում էր։ Ավելի շատ տառեր սկսեցինք ուսումնասիրել, իսկ երգերը լսում էր հաճույքով։ Հասանք այն բանին, որ երբ տուն էի մտնում, էլ չէր փախչում ինձնից, արդեն հարմար տեղավորվում էր, մտախոհ հայացքով դիտում ու լսում իմ մեկնաբանությունները, թեև չէր հաղորդակցվում։ Տատիկը ցնծում էր, ասում էր, որ ինքը երբեք չէր պատկերացնի, թե թոռնիկը կարող է 40 րոպե նստել։
Բոլոր երեխաներն ունեն մեր կարիքը: Հպարտանում եմ իմ աշխատանքով՝ չնայած որ այդ երեխայի համար թեմատիկ պլան գրելուց հետո հիվանդացա, քանի որ աշխատել էի ուժերի գերլարումով. փորձում էի հնարավորինս պարզեցնել թեմատիկ պլանը՝ երեխայի համար առավել դյուրըմբռնելի դարձնելու համար: